Իսրայելը չի ​​ցանկանում կռվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, բայց պատրաստվում է բոլոր սցենարներին. ՊՆ ղեկավար

Իսրայելը չի ​​ցանկանում կռվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։


«Մենք պատերազմ չենք ուզում, բայց «Հեզբոլլահը» վտանգավոր խաղ է խաղում, և մենք չենք հանդուրժի հարձակումները մեր քաղաքացիների և տասնյակ հազարավոր իսրայելցիների վրա, որոնք ստիպված են լքել իրենց տները», - Գալանտի խոսքերը մեջբերում է Jerusalem Post-ը:


Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը Իսրայելի քաղաքացիներին ողջ-առողջ տուն վերադարձնելն է։


«Մենք նախընտրում ենք դա անել փոխըմբռնման հիման վրա, սակայն պատրաստվում ենք բոլոր հնարավոր սցենարներին»,- ասել է նա։


Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հետ սահման, որտեղ հետևել է իսրայելական զորավարժություններին և ասել, որ «Հեզբոլլահի» հետ հակամարտության դեպքում երկիրը կհաղթի։


Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեղադրել է միջազգային հանրությանը նման հակամարտությունը կանխելու համար բավարար քայլեր չանելու մեջ։