ՀՀ–ում առաջին եռամսյակում թմրաշրջանառության քանի դեպք է գրանցվել
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,1%–ով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի հունվար–մարտ ամիսներին 1130 դեպք է արձանագրվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 981 դեպք։
Համբարյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2023 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5070 դեպք, ինչը 123,7%–ով շատ է 2022 թվականին արձանագրված ցուցանիշից։
«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2266 դեպք, իսկ 2023 թվականին դեպքերի աճը կազմել է 123,7%, և արձանագրվել է 5070 դեպք։ Նշված դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը (2022-ին եղել է 1031 դեպք), այստեղ էլ աճ է նկատվում։ Բավականին մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը»,– ասաց ՀՀ ՆԳՆ պաշտոնյան։
Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։