Դիտմա՞մբ եք անում, որ ժողովուրդը քշելուց քֆրտի, փոսը լցնում եք, մի շաբաթ հետո անձրևը քանդում ա. Զարոկյանը՝ Ավինյանին
Անցած ամիս Նորք-Մարաշից դեպի Մասիվ ճանապարհի փոսերի մասին խոսեցի, դրանից մեկ շաբաթ հետո ասֆալտ արեցիք, անձրև եկավ էլի փոսերն առաջացան, չգիտեմ, հատո՞ւկ եք անում, որ ժողովուրդը քշելուց ձեզ քֆրտի։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Սա ապաշնորհության խնդի՞ր է, թե՞ փող եք լվանում անընդհատ։ Դուք հպարտություն ունե՞ք, թե՝ ոչ։ Նույն խնդիրը Արմենակյն փողոցի վրա կար 2 տարի առաջ, ես մեկ մեշոկ ցեմենտ, ավազ ու շիբին բերեցի, գնացի թաղապետարանից բանվոր վերցրեցի, էդ հարցը լուծվեց: Դուք 5-6 մեշոկ ցեմենտով կարող եք այդ հարցը լուծել։ 7 անգամ նույն տեղն ասֆալտ եք անում, այդ ի՞նչ խնդիր է, որ չեք կարողանում լուծել։ Ամոթ է, դուք ո՞նց եք այստեղ աշխատում»,- ասաց նա։
Ավինյանն էլ արձագանքեց, թե փոսալցման աշխատանքներն այն տրամաբանությամբ որ արվում են՝ փոսի կտրման և հիմնային փոսալցման, արվում են այն փողոցներում, որտեղ միջին նորոգման աշխատանքներ նախատեսված չեն։
«Ձեր մատնանշած խնդիրները վերաբերում են այն փողոցներին, որոնք մեր պլանով պետք է իրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։ Շատ փողոցներում աշխատանքները սկսվել են, հիմնական խնդիրը հետաձգման պայմանավորված է եղել եղանակով»,- ասաց նա։
Զարոկյանն էլ արձագանքեց, թե Ավինյանը չի տիրապետում ժողովրդի խնդրին։
«Իրենց չի հետաքրքրում փոքրիկ նորոգում է, միջին նորոգում է, կլոր նորոգում է, թե՝ հիմնանորոգում։ Ճանապարհը սարքեք, որ մարդիկ կարողանան քշել: Ի՞նչ եք ասում հիմա։ Ասել եք՝ ասեք՝ կանենք, գործի մարդ եմ, ո՞ւր է Ձեր գործը, ցո՛ւյց տվեք։ Դավիթ Բեկ փողոցում մեկ ամիս՝ մայիսի 25-ից փոս է ընկել, 2 գիծ փակվել է, մտածում էի՝ մեկ գիշերվա մեջ կսարքեք։ Մեկ ամիս անցել է, այդ գիծը դեռ փակ է։ Ժողովրդի գումարը չեք խնայում, մարդիկ աշխատանքի են գնում, ամեն վայրկյանը փող է։ Դուք չեք գնահատում մարդու ժամանակը»,- ասաց Զարոկյանը։
Ավինյանն էլ պատասխանեց, որ եթե իրենք չգնահատեին այն ժամանակը, որ մարդիկ ծախսում են ճանապարհների վրա, Դավիթ Բեկի հրատապ կարգով խնդրի կարգավորման ընթացակարգով չէին շարժվի, այլ կանեին մրցութային ընթացակարգ։
«Գիտակցում ենք՝ այդտեղ ունենք հրատապ լուծման խնդիր, շատ արագ ընթացակարգով իրականացնում ենք այդ հատվածի հիմնանորոգումը։ Ուզում եմ հատուկ շեշտել՝ այդ ենթակառուցվածքը շատ մաշված է և դիմացի հատվածում նույնպես ունենք խնդիր և շահագործման կարող է լինել առանց հիմնանորոգման ևս 7-8 տարի, հետևապես պլանավորում ենք գալիք 1-2 տարվա ընթացքում հարակից հատվածում էլ իրականացնել հիմնանորոգում»,- նշեց Ավինյանը։