Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հորդորել են ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական ժառանգություն ունեցող վայրերի պաշտպանությանը` ադրբեջանցի պաշտոնյաների հետ հետագա ողջ դիվանագիտական շփումների ընթացքում։ Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։


«Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ոչնչացնելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական կառավարությունները։ Մենք ողջունում ենք Ներկայացուցիչ Շիֆի ղեկավարությունը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում ենք նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Կոնգրեսական Ադամ Շիֆի և երկկուսակցական խմբի հղած նամակում, մասնավորապես, ասվում է. «2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է ինչպես այս տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը»:


Օրենսդիրներն ընդգծել են, որ հայկական մշակութային ժառանգության համար այս զգալի ռիսկերի պատճառով են գրում այս նամակը: Այսկերպ, նրանք արտահայտում են իրենց խորը մտահոգությունը, նշելով, որ Պետքարտուղարությունը պետք է ավելին անի Ադրբեջանի գործողությունները կանխելու համար։


«Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, պարզ չէ՝ արդյոք այդ մտահոգությունները բարձրացվու՞մ են կամ բարձրացվու՞մ են արդյոք համապատասխան լրջության մակարդակով, որին արժանի է հարցը»,- նշված է նամակում:


Նամակում մասնավորապես ընդգծվում է 1997-2011 թվականներին Նախիջևանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը, ինչպես նաև Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ (նաև հայտնի է որպես Կանաչ ժամ) վերջերս տեղի ունեցած ավերումը: Այն նաև նշում է, որ Ադրբեջանը հաճախ փորձել է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` իր գործունեությունն անվանելով «պատմական» վայրերի «վերականգնում», ինչպես նաև ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ վայրերը «կովկասյան ալբանական» ծագում ունեն: Շուրջ 500 հայկական մշակութային ժառանգության օբյեկտներ վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի ամենահին եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դարով, և բարդ քանդակված խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։


«Կոնգրեսական Շիֆի նամակը ծնունդ է առել անցյալ ամիս ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի՝ Արցախի Շուշի քաղաք կատարած այցից հետո։ Ընդամենը չորս օր առաջ դեսպան Լիբբին հայտարարել էր, որ չի մասնակցի քարոզչական շոուին, երբ նրան հարցրին, թե ծրագրու՞մ է այցելել 2020 թվականի Արցախյան պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հպատակված շրջաններ։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը Շուշի քաղաք, որը էթնիկ զտման է ենթարկվել իր հայ բնակչությունից, և վերջին մշակութային ավերածությունների վայր՝ Ադրբեջանի թելադրանքով, նպաստում է Ադրբեջանի ցեղասպանական վարքագծի նորմալացմանը՝ միևնույն ժամանակ խաթարում է վստահությունը տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտության նկատմամբ։ Այցը նաև ակնհայտորեն շեղում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այն հանձնառությունից, որ Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանի հետ «սովորական գործարարություն չի լինի»,- իր հաղորդագրության մեջ ընդգծել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Քաղաքականություն