Ինչի հետևանքով է տեղի ունեցել Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյունը, ինչ վիճակում է տուժողը․ մանրամասներ

«Արարատ ռեզորթ» հյուրանոցի պահակակետում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, պարզվում են դեպքի հանգամանքները: Այս մասի այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:


«Պայթյունի հետևանքով տուժել է անվտանգության 39-ամյա աշխատակիցը. նա դեմքի հատվածում այրվածքներ ունի: Տարածքում եղել է տեսանկարահանող սարք, տեսագրությունը առգրավվել է ու զննվել: Նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել տարածքում գազի կուտակման հետևանքով: Պայթյունի հետևանքով վնասվել են պահակակետի լուսամուտները»,-հավելեց նա:


«Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն»,-լրատվամիջոցին հայտնում են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից:


«Երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է միայն պահակակետը, հյուրանոցը նյութական այլ վնասներ չի կրել: Հյուրանոցը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,-հայտնում են Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրից:


Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ քաղաքացի: