ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել Ալմա - Աթայի ԱԳՆԽ-ում

Հայաստանը, վերջին շրջանի ավանդույթի համաձայն, չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել, որպեսզի կազմակերպության անդամները քննարկեն Հայաստանի հեռանալու հնարավոր հետևանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, ՀԱՊԿ - ի կազմից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել միավորման անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել:


Լավրովը նշել է, որ չեն քննարկվել նաեւ նման քայլի հնարավոր հետեւանքները.

 «Ինչպես ասացի, այո, այսօր ՀՀ նախարարը ներկա չի եղել նիստին, բայց որևէ փաստաթուղթ Հայաստանից, որևէ պաշտոնական քայլ, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել տեղի ունեցածի հետևանքները, չի եղել», - հավելել է նա։


Հիշեցնենք, որ Փաշինյանը, հունիսի 13-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է Հայաստանի դուրս գալն այդ դաշինքից: Նա ևս մեկ անգամ քննադատել Է ՀԱՊԿ-ին և մեղադրել անգործության մեջ։

Դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ոչ ոք ուժով չի պահում մյուս մասնակիցներին, եթե հայտարարելու բան կա, թող բացահայտ ու ուղիղ հայտարարեն։

Քաղաքականություն