ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Wizz Air»-ի Երևան-Միլան–Երևան չվերթը հետաձգվել է. ուղևորներն անորոշության մեջ են

«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չեն հաղորդվում: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ուղևորներից Գոհար Հակոբյանը։


Նա պատմել է, որ չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել: Սկզբում հաղորդվում էր անձնակազմի անդամներից մեկի վիճակի կտրուկ վատթարացման մասին, շտապօգնություն է եկել, սակայն չվերթի` հետագա ուշացման պատճառների մասին ընդհանրապես էլ չի հաղորդվել: Ուղևորները ենթադրում են, որ խնդիրը ինքնաթիռի անսարքության մեջ է:


«Մենք երկու անգամ գրանցում ենք անցել, մի քանի անգամ նստեցման ենք գնացել, բայց այդպես էլ չենք թռել։ Ուղևորներին, այդ թվում՝ երեխաներին և կանանց, պահել են փակ ավտոբուսում, տեղափոխել են ինքնաթիռի մոտ և թույլ չեն տվել ներս մտնել։ Հիմա, վերջապես, մենք ինքնաթիռի մեջ ենք, սակայն էլի դեռ չենք կարող թռչել»,– նշել է նա։


Հակոբյանը հավելեց, որ ոչ ընկերության ներկայացուցիչները, ոչ էլ Հայաստանի դեսպանատունը չեն արձագանքել իրավիճակին։ Ուղևորներին չեն ապահովել նվազագույն պայմաններով. բոլոր հարցումներին ի պատասխան ընկերության աշխատակիցները կոչ են անում կապ հաստատել «Wizz Air»–ի գլխամասի հետ, որոնց հեռախոսները չեն պատասխանում։


Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։


«Թռիչքը նախատեսված էր առավոտյան ժամը 06։00-ին, սակայն գրանցումն անցնելուց հետո՝ ժամը 03։30–ին մեզ հայտնեցին թռիչքի հետաձգման մասին և առաջարկեցին գիշերակաց։ Հյուրանոց հասցրին ժամը 07։30-ի սահմաններու և զգուշացրին, որ օդանավակայան են տանելու ժամը 09։00-ին։ Դեռ սպասում ենք հյուրանոցում: Հաղորդվել է, որ չվերթը տեղի կունենա ժամը 13:00–ից հետո»,– ասել է ուղևորուհին:


Ավելի ուշ պարզ դարձավ, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14։00–ին։


Տեսանյութը` լրագրող Գոհար Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: