Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Հայաստանին
«Հայաստանի կողմից խաղաղասեր երկրի իմիջ ստեղծելը քաղաքական մանիպուլյացիա է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը:
«Հայկական կողմը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ավելի լավ բացատրել, թե ինչու չի հարգել այս համաձայնագրերը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները, ինչպես նաև «օկուպացրել է ադրբեջանական տարածքները։ Անհեթեթ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների գրաված դիրքերը ներկայացնում է որպես իր գյուղերի չսահմանազատված տարածքները և Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի համար։
Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ծառայում են այս երկիրը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս. մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Կարծում եմ՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, այս մասին լրա...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...