Հունիսի 12-ին ԱԺ շենքի վրա գրոհողների կեսը ՀՀ քաղաքացի չեն եղել է. Հովիկ Աղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին ձեր խմբակցությունը չի մասնակցելու, որովհետև այն համարում եք «կեղծ օրակարգ»։ Ինչո՞ւ է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը կեղծ։
– Կեղծ օրակարգ ասվածը լավ չեմ պատկերացնում, բայց, այո՛, չենք մասնակցելու, որովհետև ես կասեի, որ այն անիմաստ է, չնայած ընդդիմությունը երբ որ նախաձեռնեց այդ արտահերթ նիստի գործընթացը, ինքն այլ նպատակ էր հետապնդում, բնականաբար գիտեին, որ այդ նիստը չի կայանալու։ Իրենց նպատակն էր հասարակությանը ցույց տալ, թե տեսեք՝ այս անմեղ բանը, որ մենք առաջարկում ենք, ընդամենը քննարկում էր, թող գային, մերժեին, որպեսզի մեկ-երկու մարդ ավել հավաքեին ամսի 12-ին հեղաշրջում իրականացնելու համար: Դա է եղել նպատակը, թե չէ իրենք չգիտեի՞ն, որ այդ նիստը չի կայանալու։
– Հունիսի 12-ի գործողությունները համարում եք հեղաշրջման փո՞րձ։
– Եթե ձեզ նեղություն չէ՝ մտեք իմ ֆեյսբուքյան էջ ու կարդացեք մայիսի 27-ի իմ գրառումը, այնտեղ ամեն ինչ ասված է: Մայիսի 27-ին՝ ես դեռ այդ ժամանակ եմ նկարագրել սցենարը ու, այո՛, հաստատում եմ, որ դա հեղաշրջման փորձ էր։
– Պարո՛ն Աղազարյան, իսկ ինչո՞ւ ձեր ասած հեղաշրջման փորձը չկարողացան իրականություն դարձնել։
– Որովհետև այդ ամեն ինչը շատ լավ նաև գիտակցում էր մեր իրավապահ համակարգը ու, իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ, թույլ չտվեց ընդդիմադիր մեր գործընկերներին իրականացնել իրենց հրեշավոր պլանը, ինչի համար իրենք նեղացած են մեզանից, ոչինչ, թող ներողամիտ գտնվեն։
– Բայց մի շարք իրավապաշտպաններ, անհատներ նշում են, որ հունիսի 12-ին ոստիկանության գործողություններն աննախադեպ էին, դատապարտում են այդ քայլերը, նշում են, որ դրանք անօրինական են եղել։
– Չեմ կարծում, թե որևէ մեկն իրեն թույլ կտա գործել օրենքից դուրս, ու այն, ինչ արել է ոստիկանությունը, միանշանակ օրենքի սահմաններում է ու անհրաժեշտ միջոցառումներ էին՝ խոշոր արյունահեղությունը կանխարգելելու իմաստով։
– Ձեր իշխանությանը նաև մեղադրում են նրա համար, որ Հայաստանը տեղափոխել եք 37 թվական՝ նկատի ունենալով , իրենց խոսքով ասած՝ աննախադեպ բռնաճնշումները, որոնք սկսել եք ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց նկատմամբ։ Վախեցա՞ծ է իշխանությունը, որ նման քայլերի է գնում։
– Նախ՝ իհարկե համաձայն չեմ նման գնահատականների հետ, յուրաքանչյուրս այնպես ենք պաշտպանված օրենքով, իսկ ընդդիմադիր դաշտն էլ շատ լավ գիտի, թե որտեղ ինչ անի, ու ինքն ինչ լծակներ ունի պաշտպանվելու համար, հետևաբար այդ ամեն ինչն այնքան թափանցիկ է, որ յուրաքանչյուրը հասկանում է դա: Հետևաբար, իրավապահ համակարգը պարտավոր է, այո՛, անել իր վրա դրված սահմանադրական պարտականությունները՝ երկրում բնականոն իրավիճակ ապահովելու համար։ Եթե մեկը հիմա ասի, որ իրենք խորհրդարան մտնելու նպատակ չեն ունեցել, թող իրենց անհնազանդությունը ցույց տան, օրինակ՝ Հանրապետության հրապարակում, պարտադիր է գան խորհրդարանի շենքի մո՞տ։ Հունիսի 12-ին խորհրդարանի շենքի վրա գրոհողների ու իշխանությունից դժգոհողների կեսը ՀՀ քաղաքացի չեն եղել։
– Բա ովքե՞ր էին, պարո՛ն Աղազարյան։
– Չասեմ ովքեր էին, բոլորս էլ գիտենք, թե ովքեր են, բայց ՀՀ քաղաքացի չեն կեսից շատը։
– Բայց ընդդիմությունն ասում է, որ ձեր իշխանությունը խաղաղ ակցիաներից է վախենում անգամ, ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց հետապնդում եք, օրինակ՝ GG ընկերության գրասենյակներում խուզարկությունը։
– Երբ որ իմ հետ կապված ինչ-որ բան անմաքուր է, ես օգտվում եմ քաղաքական իրավիճակից, ինձ դրսևորում եմ որպես անհնազանդ քաղաքական, ընդդիմադիր գործիչ, որպեսզի իմ հետ կապված այս կամ այն իրավական գործընթացը ես որակեմ իբրև հետապնդում։ Թող ինքը մաքուր աշխատի, քննադատի, իրեն էլ ոչ մեկը չկարողանա բան ասել, բայց քննադատի, ոչ թե հարձակվի խորհրդարանի վրա, ոչ թե ասի՝ ով որ հայ է, թող գա: Ի՞նչ է նշանակում՝ ով որ հայ է, թող գա , նշանակում է՝ ով չի եկել, նա հայ չէ՞, այսինքն՝ ինքն իր այդ պահվածքով չի՞ վիրավորում մեզ բոլորիս։
– Ասում են, որ նման խոսույթները ձեր քաղաքական թիմն է բերել քաղաքականություն, առաջինը ձեր կողմնակիցներից մեկը մարդկանց բաժանեց «սևերի ու սպիտակների»։
– Ես իրենց չեմ համարում չհայ, իրենք հիմար են, ով որ մեկին ասում է, թե հայ չէ, իմ համար իրենք տականք սողուն են, ով ուզում է թող լինի։ Ինչ վերաբերում է ձեր դիտարկմանը, եթե այդպես շատ լավ հետևում են մեր քաղաքական թիմի գործունեությանը, հռետորաբանությանը, ասեմ, որ ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, որ մենք ինչ անում ենք, ճիշտ է կամ լավ է, հետևաբար, եթե իրենք մեզ են ուզում ընդօրինակել՝ թող լավ բաները ընդօրինակեն։
– Այսօր, այնուամենայնիվ, Բագրատ Սրբազանը հանրահավաք է կազմակերպել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ընդդիմադիր այս շարժման գործողությունների հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
– Ինչո՞ւ է հրավիրում այդտեղ, թող հրավիրի Ազատության կամ Հանրապետության հրապարակ, որ այնտեղից խոսան՝ մենք չե՞նք լսի։ Ճնշումների նպատակով են հավաքվում, բայց վստահ եմ, որ ինքը գիտի, որ այդ նիստը չի կայանալու, ու նաև գիտի, որ հանրահավաքին էլ մարդ չի գալու։
Միամիտ կլիներ որևէ մեկը, որ կարծեր, թե այդ նիստը կկայանա։ Ընդդիմությունը շատ օգտակար բան արեց փաստորեն, երբ որ ՀՀ քաղաքացին չկանգնեց իրենց կողքը, նշանակեց, որ ՀՀ քաղաքացին, չնայած շատ տեղերում համաձայն չէ իշխանության վարած քաղաքականությանը, բայց նաև համաձայն չէ նման գործընթացների հետ, ու ինքը պետք է որոշի՝ երբ ու ումից վերցնի իշխանությունը ու ում տա։
Սա մեծագույն ու շատ կարևոր ձեռքբերում է, իսկ սա ապահովում է ժողովրդավարության բարձր մակարդակը երկրում։ Իրենց հիմնական նպատակը հեղաշրջումն է, խորհրդարանի շենքը գրավելը, այն բառապաշարը, որ ունի տերտերը, հոգևորականին հարիր չէ, աչքերի այն փայլը, որով նա հարձակվեց ոստիկանների վրա, անթույլատրելի է։