Քննչական կոմիտեն խուզարկում է «gg» տաքսի ծառայության գրասենյակը
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է կատարում «GG» տաքսու ծառայության գրասենյակում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հաղորդեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղյա չէ,թե ինչ գործի շրջանակներում է խուզարկություն արվում «GG» տաքսու ծառայության գրասենյակում։ Լրատվամիջոցի բանավոր հարցմանն ի պատասխան Գ. Աբրահամյանը նշեց, որ ավելի ուշ, եթե լինի հրապարակման ենթակա տեղեկություն՝ կհարղորդեն։
Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ մեկնում են այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ medianews-ը գրել էր, որ երեկվանից համացանցում քննարկվում է «Ջիջի» տաքսի ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի գրառումներից մեկը:
Բանն այն է, որ վերջինս ակտիվ աջակցում է Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը և իր գրառման մեջ նա նշել էր, թե «եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը Բաղրամյանի վրա է»:
Նրա այս գրառումը դժգոհություն է հարուցել օգտատարերի շրջանում: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարում՝ հայտնելով, որ դադարում են օգտվել տաքսի ծառայությունից, քանի որ տնտեսվարողը քաղաքականությունն ու բիզնեսը կապում է իրար հետ:
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ մայիսի 21-ին հարուցել էր վարույթ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Վարույթի հարուցման առիթ էր հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված նամակը:
Բագրատ Գալստանյանը և նրա համակիրները հավաքել են վրանները, բացել Բաղրամյան պողոտան: Գալստանյանը հայտարարել է, որ 4-օրյա գործընթացն ավարտված է։