Խորհրդարանական ընդդիմությունը ուժային կառույցների ղեկավարներին կոչ է արել հրաժարական տալ

Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։


Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։


Կոչ ենք անում


1. Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։


Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։


2. Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։


Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։


3. ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն


13 հունիսի, 2024թ.