Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին. Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։


«Բոլորս տեսնում ենք, թե այսօր Հայաստանում որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։ Իսկ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ։ Բայց մենք չենք հասկանում, ինչ կապ ունի Բելառուսը դրա հետ», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։


«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասաց Անատոլի Գլազը։


Նա ընդգծեց, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա սա շատ անհեռատես դիրքորոշում է:


Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:


«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել է Փաշինյանը։


Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։