Լևոն Արոնյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեց խաղալ ՀՀ դրոշի ներքո և տեղափոխվեց ԱՄՆ

Ես զգացի, որ վերաբերմունքը լուրջ չէ շախմատի ու շախմատիստների նկատմամբ։ Ես գուցե մի փոքր անհամեստ բան ասեմ, բայց Խորհրդային Միությունից անկախանալուց հետո մենք ունեք երկու նվաճում՝ Արցախն ու շախմատը, որոնք համաշխարհային վնաճումներ էին։

Այս մասին «ԼուրջCast»-ին տված հարցազրույցում ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեց խաղալ ՀՀ դրոշի ներքո և տեղափոխվեց ԱՄՆ։


«Ինձ համար ցավալի էր, որ գնանք հանդիպման, փորձենք փոխված ղեկավարության հետ կոնտակտի դուրս գանք՝ երկու օլիմպիական չեմպիոնով, ու մի մարդ՝ մեզնից 7-8 տարի փոքր, մեզ ասի՝ դուք հլը պետք է հասկանաք, թե ես ով եմ, դուք պետք է հասկանաք, թե ես ինչ եմ արել էս երկրի համար։ Մենք հիմա այնպես չէ, որ պետք է համեմատվեինք և այլն։ Ես միայն իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Մեր հավաքականը երեք անգամ օլիմպիադա է հաղթել, աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի չեպիոն ենք եղել և այլն, և եթե դու դա դնում ես, ու էդ մարդկանց վերաբերվում ես ինչ-որ մարդկանց պես, որոնք կպած ուզում են ինչ-որ մի բան վերցնեն, շախմատի դպրոց ստեղծեն կոռուպցիայով զբաղվեն․․․ դա ծիծեղելի է ինձ համար և ես չէի ուզում նստել ու զբաղվել դրանով, բացարտել, թե որն՝ ինչ է։ Դրա համար երեք-չորս դիալոգից հետո, հասկացա, որ սա անիմաստ է և պետք է խնայել իմ ու ընտանիքիս նյարդերը»։


Հարցին, թե ո՞րն է նման վերաբերմուքնի պատճառը, արդյո՞ք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապը, Արոնյանն ասաց, որ ազգի խնդիրն է «թայֆա-թայֆա» խաղալը, որի դեմ ինքը միշտ պայքարել է։



Հարցին, թե հույս կա, որ մի օր կվերադառնա Հայաստան, Արոնյանն ասաց, որ շախմատին միշտ օգնել ու օգնելու է, թիմին օգնում է և միշտ օգնելու է, իսկ հավաքականի կազմում խաղալն անցած էտապ է։


Հիշեցնենք, որ 2021-ի սկզբին Արոնյանը հայտնեց Հայաստանի հավաքականից հեռանալու մասին։