ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել ուրիշին․ Փաշինյան

ՀՀ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը զիջում անվանելն անընդունելի է։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եթե ընդամենը վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, ապա դե յուրե գոյություն ունեցող սահմանը զիջում անվանելը տրամաբանական չէ։ Ես այս գործընթացը կհամարեի հաջողություն, քանի որ ՀՀ–ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքն ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման, և պետականության հետագա զարգացման և կայունացման համար դնում է կարևոր անկյունաքար»,– ասաց նա։


Փաշինյանն ասաց, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել ուրիշին։ Նրա խոսքով` մինչ սահմանազատման գործընթացը սկսելը, տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ ու, ըստ էության, այս գործընթան անցնել է իրավական փորձքննություն։


Այնուհետև Փաշինյանը ցույց տվեց 1976 թ. Գլխավոր շտաբի քարտեզը, որը հիմնված է 1969 թ սահմանազատման արդյունքների վրա, և որի հիման վրա էլ այսօր Տավուշի մարզում տեղի է ունենում սահմանազատման գործընթացը։


«Մենք, շատ մանրազնին աշխատանք կատարելով, այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա ՀՀ տարածքի ամբողջ պարագիծը։ Ուզում եմ ընդգծել, թե սա ինչ կարևորագույն իրադարձություն է ՀՀ–ի համար»,– նշեց նա։


ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է, որը իրական Հայաստանի հայեցակարգն է։


«Այն մարդիկ, որոնք չգիտեն սա, ուրեմն պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։ Նրանք, ովքեր ասում են, թե ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ չէ, ուրեմն, մասնավորապես մեր ընդդիմադիրները, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 300 քառ. կմ է։ Նույն տրամաբանությամբ նրանք ճանապարհ են բացում բոլոր նրանց համար, որոնք ասում են, թե ՀՀ տարածքը, օրինակ, 23 քառ. կմ է։ Այստեղ բանավեճը զուտ քառակուսի մետրերի մասին չէ, այլ թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»,– հայտարարեց նա։


Փաշինյանն ասաց` երբ գալիս են մարդիկ ու ասում, որ չակնկալիքների շարժում են անում, դա տանում է ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։


«Նրանք ուզում են, որ ՀՀ–ում մարդիկ Երևան քաղաքի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական և պատմական Հայաստանի տարբերությունը»,– նշեց նա։


Վերջում նա ավելացրեց, որ իրական Հայաստանը մեր երեխաների պետությունն է, որտեղ նրանք պետք է ապրեն։


Քաղաքականություն