Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել. «Փաստինֆո»

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի համայնքապետ Տիգրան Հարությունյանը վստահեցնում է, որ Բերքաբերի հատվածում սահմանազատումն ավարտվել է, իր ձևակերպմամբ, նախնական հատվածները, որոնք պետք է սահմանազատվեին այս փուլում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024թ. մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:


Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Նույն օրը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից պարզաբանում տարածեցին, թե այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված: Միակ բացառությունը նշվել էր Կիրանցի խնդրահարույց հատվածը։ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ»,- նշել էին Փաշինյանի աշխատակազմից:


Նկատենք, որ սահմանագծման արդունքում Ադրբեջանը չի վերադարձրել Բերքաբերի օկուպացված հատվածները։


Համայնքապետը պնդում է, թե «այս փուլում Բերքաբերի մասում արվում է այդ մի կտոր հատվածը, մնացած հատվածը արվելու է հաջորդ փուլում»։ Մեր ճշտող հարցին ի պատասխան Բերքաբերի համայնքապետը նշեց, թե կան հատվածներ, որոնք հետագայում պետք է սահմանազատվեն։ Իսկ թե որ տարածքների մասին է խոսքը ու դրանք նկարագրելու մասին «Փաստինֆո»ի հարցերը մնացին անպատասխան։ «Չեմ բացատրի ու ավել բան Ձեզ ասել չեմ կարող»,- ասել է նա՝ անպատասխան թողնելով նաեւ մեր մյուս հարցը, թե արդյոք տեղեկություններ ունի բանակցությունների ընթացում քննարկվո՞ւմ են Բերքաբերի՝ օկուպացված տարածքների վերադարձի հարցը։


«Կներեք, սրանից ավելի բան Ձեզ ասել չեմ կարող»,- ասաց համայնքապետը։