Ռուսաստանում ձերբակալվել է 60 օտարերկրացի
Սանկտ Պետերբուրգում կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի հետաքննության շրջանակներում ավելի քան 10 խուզարկություն է իրականացվել միգրանտների բնակության վայրերում, ձերբակալվել է 60 օտարերկրացի: Այս մասին հայտնել Է ՌԴ ՔԿ Պետերբուրգի վարչությունը։
Քրեական հետապնդման է ենթարկվել ոստիկանության ավագ տեղամասային հանձնակատարը։ Իրավապահին մեղադրում են 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի ապրիլը երկաթուղային և ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործարարից առնվազն 70 հազար ռուբլի ընդհանուր գումարով կաշառք ստանալու մեջ։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը հարաբերություններ է պահպանել մի շարք միգրանտների հետ։
«Այսօր քննիչները Ռուսաստանի ՆԳՆ և ԱԴԾ տարածաշրջանային վարչությունների աշխատակիցների հետ համատեղ, Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ, իրականացրել են ավելի քան 10 խուզարկություն, որոնց ընթացքում ձերբակալվել է առնվազն 60 օտարերկրյա քաղաքացի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այժմ ստուգվում է Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը։ Որոշվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման փաստով քրեական գործ հարուցելու հարցը։