Կարմիրբերետավորների՝ անհամաչափ ուժի կիրառման հետևանքով՝ ակցիայի մասնակիցը ստացել է ոտքի կոտրվածք․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է՝ այսօր խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։


«Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյանը։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։


Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։


Հետևաբար, իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»,- գրել է նա։