ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9–ին կաշխատի արտակարգ ռեժիմով

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ արտակարգ ռեժիմը պայմանավորված է հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով։


«ՀՀ–ում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները»,– նշում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է:


Միևնույն ժամանակ առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։


Այս կապակցությամբ պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։


ՄԻՊ–ը հիշեցնում է , որ կաշխատեն թեժ գծի 116 և (096) 116100 հեռախոսահամարները։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

Քաղաքականություն