Բռնություն Երևանում՝ տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ տեղեկությունը փոխանցվել է ՔԿ-ին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ:


Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:


«Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:


Նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- ասված է գրառման մեջ:

Քաղաքականություն