ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան դրամ և գույք է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից և Խաչատրյանից

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց։


«Դատախազությունը պահանջում է բռնագանձել չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։


Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի նաև 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների ու օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների ու այլ ելքերի հանրագումար։


Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով նաև ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք։


«Դրանցից 56-ը Երևանի կենտրոնում է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։


Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ, որն, ըստ դատախազի, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։


Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից ևս հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։


Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև, որ Քոչարյանից բռնագանձվի 5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ։


«Շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Քաղաքականություն

Պատահարներ