«Մի մատով 2 աչքդ կհանեմ». Երևանի դպրոցներից մեկում դասղեկը վիրավորել է երեխային, նաև հարվածում է. ահազանգ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Shamshyan,com է զանգահարել Երևանի բնակիչ Կարինե Բրեյանը, ով իր բողոքի ձայնն էր բարձրացնում՝ ուղղված Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների և չդադարող վախերի մասին։


Կայքի թղթակցի հետ զրույցում կինը ասել է․ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են ճնշում են։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկը իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։


Դասղեկը փոխանակ ճշտի իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։


Վերջում զրուցակիցը նաեւ ասել է, որ երեխայի հանդեպ դասղեկի նման վերաբերմունքի պատճառն այն է, քանի որ ինքը երբեք դպրոցի անհասկանալի ու անհիմն դրամահավաքներին չի մասնակցում:


Կ․ Բրեյանը խնդրեց իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը ու հետևողականությունը։


Auroranews-ը կապ հաստատեց ԿԳՄՍ, որտեղից մեզ ասացին՝ կուսումնասիրեն, կլսեն երկու կողմերին էլ։


«Նման դեպքերում թող ծնողերն ահազանգեն նախարարության թեժ գիծ՝ 599600 համարով։ Մենք մոնիթորինգի կենթարկենք, կուսումնասիրենք, բայց դա Հանրակրթուրյան վարչության որոշելիքն է»,- նշեցին նախարարությունից։ 


Auroranews-ը կապ է հաստատել նաև դպրոցի տնօրենի հետ։


«Քիչ առաջ ծնողներն այստեղ էին, զրուցել ենք և ծնողների հետ, և ուսուցչի հետ։ Տեղի է ունեցել թյուրիմացություն, որը հարթվել է։ Այս պասին որևէ խնդիր չունենք դպրոցում։ Իրականում ծնողներն ու ուսուցիչն իրար չէին հասկացել»,- ասաց դպրոցի տնօրենը։

Քաղաքականություն