Մանրամասներ Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպից և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքից
2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը:
Ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված և դեռևս չպարզված մի խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Այդ պատճառով վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նույն օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, ևս մեկ անձ իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն ճանապարհը փակած անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, և դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով և փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու կողմից վարած ավտոմեքենային:
Վերը նշված դեպքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2024թ. ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ապրիլի 23-ին վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է 5 անձ։
Նույն օրը Ոստիկանությունից նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 15:50-ի սահմաններում 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու և մի շարք այլ անձանց հետ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, դրսևորել բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակության, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, որի ընթացքում 54-ամյա անձը հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ երկու միջադեպերն էլ առնչվում է նույն անձանց, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով նշված երկու վարույթները միացվել են և հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: