ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց․ մանրամասներ․ «Հրապարակ»
Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց այդ պահին եկեղեցում երեկոյան ժամերգությանը ներկա հայերից մեկը և տրամադրեց մի փոքրիկ տեսանյութ։
Նշեցին նաև, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:
Ավելի ուշ լրատվամիջոցը Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի՝ Բըբրանքում տեղի ունեցած միջադեպի մասով նոր մանրամասներ հրապարակեց։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրում եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ Հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,- «Հրապարակին» տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչը։