«Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան է իրականացվել. մեքենաներում քրեական պատմություններով հայտնի տղաներ են եղել
Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, տեղում գումարտակի հրամանատարի գլխավորությամբ իրականացվում է «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան։ Պարեկները ճշտում են նրանց երթուղու ենթադրյալ վայրը և մի քանի ճանապարհահատվածներ դարանակալում են և արդեն կարճ ժամանակում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցնում են նշված ավտոմեքենաները։ Պարզվում է, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը լինում է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց տեխնիկական զննության է լինում, կողային ապակիները մգացված են, դիմացի ապակին էլ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանն ավտոմեքենան վարել է մգացված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։
Նշված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկներն ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի որդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձում էր պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից «վազվրատ» կանի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։ Տեսնելով, որ չի կարողանում համոզել պարեկներին, տաքսիով վերադառնում է Երևան։