
Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Հայաստանի պետականությունը զրոյացնելու հաջորդ փորձը եղել է 2021թ-ի մայիսի 12-ին։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ-ի ԱԺ-ն լուծարված էր, կառավարությունը՝ հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին ՀՀ-ի ինքնիշխան տարածք»,-ասաց նա։
Վարչապետը նշեց` այն ժամանակ որոշ ուժեր ՀՀ–ից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ՀԱՊԿ–ը գա օգնության։ Այնինչ, ըստ Փաշինյանին, ՀԱՊԿ–ի դե յուրե պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում։
«Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ-ին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Եթե կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում՝ այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ՝ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ժողովուրդը ստեղծված իրավիճակում պետականակենտրոնություն ցուցաբերեց ու արձագանքեց կառավարության կոչերին․
Վարչապետը հավելեց․ «Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայնորեն գնահատվեցին որպես ազատ ու ժողովրդավարական։ Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թ-ի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշա հեղափոխություն առաջնորդած քաղաքական ուժին։
Սրանով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը, գուցե ինտուիտիվ կամ գուցե գիտակցված, ՀՀ ժողովուրդը որդեգրեց հենց այս ռազմավարությունը։ Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-98թթ-ին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»։