«Գոյ»-ի աշխատակիցները թատրոն մտնելու հնարավորություն չստացան

«Գոյ» թատրոնի աշխատակիցները թատրոն մտնելու հնարավորություն չստացան։


Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Ներսիսյանը խնդրեց, որ իրազեկման դիմումն ուղարկեն փոստով, ըստ որի, դատական հայցը վարույթ է ընդունվել և ըստ այդմ՝ օրենքի ուժով պետք է թույլ տալ «Գոյ» թատրոնի աշխատակիցներին շարունակել աշխատել մինչև դատական որոշում։


«Քանի որ մենք այս հարցում երրորդ կողմ ենք և պատասխանողը ԿԳՄՍՆ-ն է, այս գրությունը գցեք իրենց արկղը, կփոխանցեն մեզ»,-ասաց նա։


Ներսիսյանն ասաց, որ «Գոյ»-ի աշխատակիցները կարող են իրենց ստեղծագործական աշխատանքը շարունակել՝ մուտք գործելով թատրոն հանդիսատեսի համար նախատեսված մուտքով։


«Որևիցե մեկը նրանց ստեղծագործելու հնարավորությունից չի զրկել, դատարանի վարույթ ընդունելը վերաբերում է պետռեգիստրի գործընթացների դադարեցմանը, բայց կադաստրով ամեն ինչ հատկացված է Սունդուկյանին և Սունդուկյանը որևիցե կառույցից չի ստացել գրություն՝ բացել դուռը, և «Գոյ»-ի աշխատակիցներն անխոչընդոտ մտնեն։ Կարող են աշխատել՝ այս մուտքից մտնելով, դա հանդիսատեսի մուտք է»,-ասաց նա։


«Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ իր՝ պարզ դիմում տալու իրավունքը խախտվեց։


Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից ակցիաները ժամանակավոր դադարեցվել են։


«Հավատալով, որ կարող ենք այս հարցի լուծումը նաև արտադատական կարգով ստանալ և ունենք ազդակներ՝ սկսվել են բանակցություններ նախարարության կողմից՝ միտված «Գոյ» թատրոնի հետագա կարգավիճակը լուծելու։ Այսպես ասած՝ դատական գործընթացին զուգահեռ սկսվել են գործողություններ, և բանակցություններին չվնասելու հիմքով փորձել ենք որոշ ակցիաներ դադարեցնել»,-ասաց նա։


Փաստաբանը հավելեց, որ զուգահեռ վիճարկում են թատրոնը լուծարելու անօրինական գործողությունները՝ դատարանում։


Նա ասաց, որ ուզում են նաև իրազեկել, որ Սունդուկյան թատրոնի տնօրենը մուտքը բացի և մարդիկ գնան իրենց բնականոն աշխատանքին, քանի որ օրենքի ուժով պետք է բացվի, հայցը վարույթ է ընդունվել։

Քաղաքականություն