Ես չեմ իմացել, թե ինչ թղթի տակ եմ ստորագրում․ ստորագրությունս համարեք հետ կանչված․ Տիգրան Մանսուրյան. Hraparak

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը զրուցել է Hraparak. am-ի հետ։ Հարցազրույցը, մասամբ, ներկայացնում ենք ստորև։


-«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաեւ ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, ստորագրել եք նաեւ Դուք։ Դուք եւս դե՞մ եք «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին։


-Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված։ 


-Ի՞նչ է ասել Սամվել Թոփալյանը, երբ խնդրել է, որ ստորագրեք այդ թղթի տակ։


-Ասել է՝ «Գոյ» թատրոնի հարցն է, եւ խնդրում են, որ թատրոնը գործի եւ փող տվողը փոխվի։


-Բայց իսկապես «Գոյ» թատրոնի հարցն է՝ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը։ Ինչու եք հրաժարվում Ձեր ստորագրությունից։


-Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, եւ առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ։


-Իսկ ո՞ր հեռուստաալիքն եք լսում, ո՞ր քաղաքական գործչին։


-Ալիքներ չեմ նայում, բայց համակրում եմ Հովսեփ Խուրշուդյանին։


-Մաեստրո, ասացիք, որ չեք լսել, չգիտեք, թե ինչ են ուզում անել օպտիմալացման անվան տակ, մի՞թե Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումներից էլ տեղյակ չեք։


-Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, եւ այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որեւէ բանի տակ դնել, որովհետեւ դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որեւէ կողմից։ 


-Այսինքն՝ խուսափում եք քննադատվելու՞ց, ումի՞ց եք ստանում պատասխանը, ո՞վ է Ձեզ քննադատում։


-Ոչ միայն քննադատում են, այլեւ հայհոյում են, վարկաբեկում, ինչ ասես ասում են։ Ես հասկացել եմ, որ չպետք է խառնվեմ։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։