Կոստանյանը խոսել է վաղը կայանալիք ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին

Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բաց է, կարող եմ ասել որ քննարկելու ենք Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վաղը սպասվող հանդիպմանը։


«Հանդիպումը մեծապես ուղղված է լինելու մեր տնտեսական հնարավորություններին, աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն չպետք է դարձնել այս միջոցառումը»,- նշել է նա։


Ըստ Կոստանյանի, այն պետությունները, ովքեր դեմ են վաղը կայանալիք այդ միջոցառմանը մեդիադաշտում առավել մեծ ակնկալիքներ են ստեղծում այդ միջոցառմից, հետագայում հանրության մոտ առավել մեծ հիասթափություն առաջացնելու համար։


Մեկնաբանելով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում այն մասին, որ եթե Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը չհետաձգվի, ապա դա կարող է անկայունության վերածվել տարածաշրջանում, նա նշել է, որ նման մեկնաբանություններն անընդունելի են։ 


Կոստանյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ համագործակցություն զարգացնել գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։


«Այն պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր համագործակցությանն այս ձեւաչափով, մեդիա-տարածքում փորձում են ավելի բարձր ակնկալիքներ ստեղծել, քան կարելի է ստանալ վաղվա հանդիպման արդյունքներով»,- նշել է Կոստանյանը։


Նրա խոսքով՝ դա արվում է, որպեսզի հետագայում հանրության մեջ հիասթափություն առաջանա։


«Վաղը լինելու է պատկառելի հանդիպում, որի արդյունքների մասին կհայտարարվի։ Օրակարգն ԱԳՆ-ն արդեն ներկայացրել է։ Հանդիպմանը քննարկվելու են մեծ մասամբ տնտեսական և հումանիտար հարցեր»,- ավելացրել է պաշտոնյան։











Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ