Հասարակություն

Կան իրադրություններ, երբ պետությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից. Փաշինյան

Կան իրադրություններ, երբ պետությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից. Փաշինյան
Կառավարությունն ընդունեց Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության…

Կառավարությունն ընդունեց Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշումը:


«Գործող ընթացակարգերով էլ, ըստ էության, ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն դա տեղի չի ունենում համատարած, համակարգված և կանոնավոր, այս գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից, և այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:


Վերջինս նշեց, որ բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները՝ ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, դեպքի հայտնաբերման և երեխայի խնամքի հաստատություններ տեղավորման գործընթացում հիմնական ներգրավվածություն ունեցող մարմիններն են, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍՆ-ն, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքակապետարանը և ՀԿ-ները: Նախարարի խոսքով՝ նախագծով նաև փոխգործակցության սկզբունքներն են սահմանվում:


«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում պատկերը կլինի հետևյալը. երբ որևէ խողովակուվ հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, խնամակալության և հոգաբարձության մարմինները գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում, որը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ տարվող անհրաժեշտ աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի վերասոցիալականացումը, կամ ընտրել հետագա խնամքի կազմակերպման ձևը: Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն. կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն:


Այս նախագծի ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքնեն ավելի համակարգված կլինեն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր քաղաքականությունն է՝ երեխայի հետ կապված դժվար իրադրություններում մաքսիմալն անել, որ երեխան մնա և շարունակի մնալ ընտանիքում. սա բոլոր հարցերում մեր առաջնային քաղաքականությունն է: Բայց կա մի նրբություն, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել. երեխան ոչ մեկի սեփականությունը չէ. սա շատ կարևոր արձանագրում է, և ես կարծում եմ, որ մենք սրա մասին էլ պետք է բարձր խոսենք: Այո, կան իրադրություններ, երբ պետությունը, կառավարությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից, և պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ:


Ստանդարտը պետք է հստակ լինի. որն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով միջամտի և երեխային պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է»:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250