
Եթե Տավուշում մարդիկ զրկվեն իրենց տներից, մարդու իրավունքների խախտում կլինի՞. ՄԻՊ–ը պատասխանում է

Սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները ՀՀ ՄԻՊ գրասենյակի տեսադաշտում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` պատասխանելով այն հարցին, որ երբ Տավուշում իրականցվի սահմանազատում և որոշ մարդիկ զրկվեն իրենց տներից, դա մարդու իրավունքների խախտում կարելի՞ է համարել։
«Անձանց իրավունքների ցանկացած խախտում մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց կլինի, այլ հարց է, թե ով է պատասխանատու այդ իրավունքի խախտման համար։ Պատասխանատու սուբյեկտների ամրագրման համար հարցը փոքր-ինչ այլ է, դա ենթադրում է, որ պետք է տեղի ունենա բավարար և համակողմանի վերլուծություն և ուսումնասիրություն հարցի վերաբերյալ»,–ասաց նա։
Մանասյանի խոսքով՝ ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ իրենք բավականին լուրջ հատված նվիրել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, արձանագրել են իրավունքի բոլոր խախտումները, որոնց մի մասը ադրբեջանական զինծառայողների առկայության պատճառով են։
ՄԻՊ–ը նշեց, որ հայաստանյան պետական իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն բնակչության համար այդ խախտումները կանխարգելելու կամ դրանք հաղթահարելու ուղղությամբ։