Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկ ճակատով են գործում. Գագիկ Մելքոնյան

Ինձ թվում է, որ ադրբեջանցիները ինչ-որ հող են նախապատրաստում, որովհետեւ իրականում մեզ մոտ զորքերի ոչ մի տեղաշարժ չկա, ինչպես սահմաններին կանգնած ենք, այդպես էլ մնում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանի բանակը անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային միջոցների կուտակում է իրականացնում, ակտիվ տեղաշարժ է կատարվում:


«Ուղղակի իրենք անհանգստացած են ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպումից: Ես չգիտեմ՝ ինչու է այդ անհանգստությունը մտել իրենց և Ռուսաստանի մեջ: ՌԴ-ն անընդհատ հայտարարություններ է անում, որ եթե ԵՄ-ն խառնվում է, այստեղ իրավիճակն ապակայունանում է: Իսկ Ադրբեջանը կրկնում է Ռուսաստանի խոսքերը: Նրանք մեկ ճակատով են գործում ու վախ կա իրենց մեջ, չգիտեմ՝ ինչու»,-ասել է նա:


Լրատվամիջոցի հարցին՝ այդրոք նման ապատեղեկատվության տարածումը լայնամասշտաբ հարձակման վտանգ իր մեջ չի պարունակում, որքանով է դա հավանական, Գագիկ Մելքոնյանը պատասխանել է. «Ես չեմ համարում, որ առաջիկայում այդ վտանգը լինի: Իրենք ուղղակի հող են նախապատրաստում հետագայի համար: Այս պահին ես այդ վտանգը չեմ տեսնում: Մենք սովոր ենք այդ հայտարարություններին, միշտ էլ արել են: ԵՄ դիտորդների գալուց հետո կրակոցները սահմաններին, կարծես դադարեց, որովհետեւ Ադրբեջանի այդ հայտարարությունները դառնում էին անհիմն: ԵՄ դիտորդները տեսնում են, որ զորքերի տեղաշարժ չկա»: