
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։
Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ լրատվամիջոցը պարզեց արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Գործակալի հետ լրատվամիջոցի զրույցից մի հատված։
-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։
-Այո։
-Ի՞նչ արժի։
-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։
-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։
-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։
-Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։
-Այո։
-Ճակատը քանի՞ մետր է։
-Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։
-Խառը կառուցապատման տա՞կ է։
-Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։
-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։
-Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է։
Արբանյակից արված լուսանկարներ ներկայացնող «Google Earth» ծրագրի միջոցով հնարավոր է տեսնել վաճառքի հանված հողատարածքի տարբեր տարիների տեսքը։ 2000 թ.-ի դրությամբ հողամասում կան ծառեր և թփեր։ Իսկ արդեն 2004 թ.-ի մայիսին տարածքը կանաչապատ է։ Հաջորդ տարիների լուսանկարներում երևում է, թե ինչպես են «Կրպեյանի» այգում և հարակից տարածքներում տնկված ծառերը փարթամացել։ Սակայն սեփականաշնորհված հատվածում ծառեր չեն տնկվել, և այն բացատի է վերածվել։ 2018 թ.-ին նշված տարածքը հրդեհվել է։
Տարածք մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք տասնամյակներ առաջ կառուցված մի շինություն, որ գտնվում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանվող հատվածում (շինությունը մասամբ գետնափոր է)։ Հողամասում առկա էին խորքից հատված հաստաբուն ծառեր։
Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում։