Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարցը բուհերի միավորման ծրագրից առանձնացնելու հնարավորությունը։


«Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը դա օրենք է, որովհետև «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» հաստատված է ՀՀ ազգային ժողովի կողմից, որտեղ նշված է մեր թիրախը, թե մենք պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք։ Դրա շրջանակում քննարկումներ պետք է տեղի ունենան»,–ասաց Անդրեասյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։


Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ–ն 2023 թվականի հուլիսին հայտարարություն է տարածել և պարզ ներկայացրել, որ առաջիկայում կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման կոնտեքստում քննարկումներ են սկսում։


ԿԳՄՍՆ–ն դեռ նախորդ տարի առաջարկել է, որ բուհերն ու ինստիտուտները մինչև այս տարվա փետրվարի 15–ն իրենց առաջարկները ներկայացնեն, թե ինչ դիտարկումներ և պատկերացումներ ունեն։


Նախարարը նշեց, որ այժմ ամեն ուղղությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մանրամասն քննարկելու են ինչպես կողմ, այնպես էլ դեմ տեսակետները, հիմնավորումներն ու փաստարկները։


«Արվեստների ուղղությամբ կայացել է աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ընդգրկված են եղել քննարկմանը։ Սա շատ բարդ և բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի։ Մենք սիրով կլսենք բոլոր կարծիքները։ Ես ուրախ եմ, որ ակտիվ են մեր ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։ Միասին շատ խոսելու կարիք ունենք»,–ասաց նախարարը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստորագրահավաք է անցկացվում։ Դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։