Տավուշում գոլդ համարանիշներով վարորդը ընկերների հետ ծեծել է բենզալցակայանի աշխատողներին․ կա վիրավոր. Shamshyan.com

Մարտի 9-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ահազանգ էլ ստացվում է «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնում են, որ իրենց մոտ նշված հասցեից բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացի։


Պարզվել է, որ ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Ասատրյանը, կրտսեր պարեկ Էլլարյանի հետ ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 14 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահի մոտ շուրջ 10 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, ովքեր միմյանց հասցեին հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ։


Այդ ընթացքում պարեկները փորձում են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, որոնցից Երևանի բնակիչ 29-ամյա Վիլեն Գ․-ին տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։


Ոստիկաններն ու պարեկները պարզվել են, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մարինե Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի «77 ,, 777» համարանիշի ավտոմեքենայով իր ընկերների, Երևանի բնակիչներ 34-ամյա Նիկոլայ Պ․-ի, 24-ամյա Մարիաննա Խ․-ի և Վիլեն Գ․-ի հետ խանութից օգտվելու նպատակով մոտեցել են հիշյալ գազալցակայան, որտեղ վերջիններիս և գազալցակայանի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մարինե Շ․-ն, ուղևորներ Նիկոլայ Պ․-ն, Մարիաննա Խ.-ն և Վիլեն Գ․-ն գտնվել են ոչ սթափ վիճակում: 


Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Քաղաքականություն