Կոչ ենք անում կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը. Արցախի տեղեկատվական շտաբը՝ Սամվել Շահրամանյանի շուրջ հրապարակումների մասին

Որոշ լրատվամիջոցներ կրկին թիրախավորում են Արցախի Հանրապետության իշխանություններին, առանձին դեպքերում փորձում արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը և բռնի տեղահանված արցախահայության կենսական խնդիրների լուսաբանման փոխարեն զբաղվում բանսարկությամբ: Նման հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:


«Այդ լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից, կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը և մոլորության մեջ գցել հանրությանը:


Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահ Շահրամանյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին է դիմել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին՝ խնդրանքով, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից տարածում ստացած պաշտոնատար անձանց առերևույթ հանցագործությունների և հնարավոր չարաշահումների մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում ու քննության առնել օրենքով սահմանված կարգով:


Կրկին կոչ ենք անում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին»,– նշվում է հաղորդագրության մեջ։