Ինչ կարևոր հայտարարություններ է արել Պուտինը հարցազրույցի ընթացքում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել լրագրող Դմիտրի Կիսելյովին Ռոսիա 1- ի և ՌԻԱ Նովոստիի համար, որի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել։


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց դրանք պետք է հիմնված լինեն իրականության, այլ ոչ թե ցանկությունների վրա հոգեմետ միջոցների կիրառումից հետո։


«Բանակցությունները ոչ թե դադար են Կիևի վերազինման համար, այլ լուրջ խոսակցություն՝ Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներով»,- ասել է նա։


Նա նաև նշել է, որ Ուկրաինայում վաղուց կան արևմտյան երկրների զինվորականներ, այժմ նրանք այնտեղ են ուղղակիորեն խորհրդականների և վարձկանների տեսքով՝ հավելելով, որ Ուկրաինայում պաշտոնական օտարերկրյա կոնտինգենտների ներկայությունը չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։


ՌԴ նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Լեհաստանին՝ նշելով, որ Լեհաստանը ցանկանում է վերադարձնել այն հողերը, որոնք պատմականորեն իրենն է համարում և որոնք հանձնվել են Ուկրաինային։


«Եթե Լեհաստանը զորք մտցնի Ուկրաինա, այլևս չի հեռանա»,- ասել է նա։


Անդրադառնալով ԱՄՆ-ին Պուտինը հայտնել է, որ Ավանգարդ «հրթիռների ստեղծմամբ Ռուսաստանը զրոյացրել է այն ամենը, ինչ ԱՄՆ-ն ներդրել է հակահրթիռային պաշտպանական համակարգերում»։


Պուտինը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե չեն պատրաստվում իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա։ Ըստ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ Ռուսաստանը նման քայլը, ինչպես ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք, կդիտարկի որպես միջամտություն։


Պուտինի խոսքով՝ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը ավանդական քաղաքական դպրոցի ներկայացուցիչ է։


«Այնտեղ, բացի Բայդենից, կան բազմաթիվ այլ մասնագետներ ռուս-ամերիկյան հարաբերությունների և ռազմավարական զսպման ոլորտում։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ այդքան հապճեպ է ընթանում, բայց մենք պատրաստ ենք դրան»,- պարզաբանել է նախագահը։


Դաշնության նախագահը նշել է՝ ԱՄՆ-ն զարգացնում է միջուկային ուժերը, խնդիր է դնում բարձրացնել դրանց արդիականությունը, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է վաղը միջուկային պատերազմ սանձազերծել։


«Եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ անի, Ռուսաստանը կարող է նույնը անել»,- ասել է նա։


Ըստ Պուտինի՝ Անգլիական և ամերիկյան հրթիռները վնասում են Ռուսաստանին, բայց իրավիճակը ռազմի դաշտում չեն փոխում։


«Կառավարությունը, Կենտրոնական բանկը, Անվտանգության խորհուրդը վերլուծում են մեր թշնամիների բոլոր քայլերը»,- ընդգծել Է նախագահը։


Խոսելով Արևմուտքի հետ «ազնիվ պայմանագրի» մասին՝ նա նշել է․ «ես ոչ մեկին չեմ հավատում, բայց մեզ երաշխիքներ են պետք, և երաշխիքները պետք է գրված լինեն, պետք է լինեն այնպիսին, որը մեզ կհամապատասխանի»:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում պառակտումներով զբաղվել Արևմուտքում, բայց հետամուտ է լինելու իր շահերի պահպանմանը։


Նշվել է նաև, որ

▪️ Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին, Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ։

▪️ Ռուսաստանը չի խցկվել Աֆրիկա և այնտեղից դուրս չի հանել Ֆրանսիային, Աֆրիկյան առաջնորդներն իրենք են ցանկացել աշխատել Մոսկվայի հետ ։

▪️ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունն էլ ՆԱՏՕ-ին անիմաստ է։


Պուտինը Բելգորոդի և Կուրսկի շրջանների վրա հարձակվելու Կիևի փորձերը կապել է ճակատային գծում Ուկրաինական անհաջողությունների հետ։


«Ուկրաինան դրանով ուզում է ինչ-որ բան ցույց տալ, հիմնականում տեղեկատվական առումով»,- ընդգծել Է նախագահը:


Պուտինի խոսքով՝ Ուկրաինան ռուսական շրջանների վրա հարձակումներով նպատակ է հետապնդում եթե չխոչընդոտել Ռուսաստանի ընտրությունները, ապա խանգարել:


ՌԴ նախագահը նաև ասել է՝ «եթե Ռուսաստանն այսօր իր մարդկանց լքի Դոնբասում և Նովոռոսիայում, ապա վաղը կորուստները բազմակի կավելանան»։


Խոսելով Արևմտյան էլիտաների մասին՝ Պուտինն ասել է․ «Նրանք սովոր են դարեր շարունակ փորը լցնել մարդկային մարմնով, իսկ գրպանները՝ փողով։ Բայց նրանք պետք է հասկանան, որ վամպիրների պարահանդեսն ավարտվում է»:


ՌԴ նախագահը նաև նշել է․ «Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե մենք ինքներս մեզ չկարողանանք պաշտպանել: Մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»: