Կլուծվի նաև ՀՀ-ի կողմից օկուպացված 4 էքսկլավային գյուղերի ազատման հարցը. Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։


Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։


«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել իր 4 օկուպացված գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն անհիմն է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական գյուղերին, ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատմանն։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։