Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ Բեգլարյան
Արցախցիների բնակարանային խնդիրների լուծման հարցով ներառական քննարկումներ չեն եղել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին այսօր «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով` միայն մեկ անգամ Արցախից 10-ից ավելի ներկայացուցիչների հրավիրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման, որտեղ ներկայացվել են բնակարանային խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները:
«Արցախի գրեթե բոլոր ներկայացուցիչները տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, այդ թվում գումարի չափի մասով: Իրենց հիմնավորումն այն էր, որ 2023-ին անշարժ գույքի երկրորդային շուկայում կադաստրում գրանցված առուվաճառքի մեկ քմ-ի միջին գինը 200 հազար դրամից ավելին չէ: Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ մակերեսը բավարար է: 200 հազարը բազմապատկել են 15-ով եւ ստացել 3 մլն դրամ: Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայում գների իրական պատկերը: Ընդ որում, իրենք նշել են՝ բացի Երեւանից, Ծաղկաձորից, Դիլիջանից, Աբովյանից, մնացած համայնքներում այդ գինն է գործում»,-նշել է Բեգլարյանը:
Նա նկատեց, որ հստակ միտում կա, որ մարդիկ կադաստրում գործարքներ անելիս ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար։
«Մենք ուղղակի առաջարկել ենք՝ ուսումնասիրել շուկան, ասել ենք՝ մտեք առցանց հարթակներ, եւ նայեք գինը այլ համայնքներում: Ես ուսումնասիրել եմ, միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, Երեւանից նույնիսկ տասնյակ կմ հեռու, մեկ քմ-ի գինը 320-500 հազար դրամ է: Այսինքն նախ, կառավարությունը հաշվի չի առել շուկայական գները, նաեւ հաշվի չեն առել Արցախի ներկայացուցիչների կարծիքը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված միջազգային գումարների վերաբերյալ գլխավոր խնդիրը ներառականությունն ու թափանցիկությունն է՝ ոչ միայն տեղական կառավարության, այլ նաև միջազգային ներկայացուցիչների կողմից։
Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները՝ և՛ պաշտոնական, և՛ քաղաքացիական շրջանակի, ներգրավված չեն կարիքների հստակեցման, որոշումների կայացման, հաշվետվողականության ապահովման շղթայում։
«Մենք տեղյակ չենք՝ ինչ գումար է գալիս, ուր է գնում, ինչպես է ծախսվում։ Ես կցկտուր որոշ տեղեկություններ կարողացել եմ ստանալ տարբեր կազմակերպություններից, առաջիկայում փորձելու եմ մանրամասներ ստանալ և վերլուծել, բայց պարզ ասեմ՝ շատ դեպքերում այդ գումարների բարձր տոկոսն ադմինիստրատիվ ծախսերի վրա է գնում»,-ասաց նա։
Բեգլարյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր կա, որ այդ գումարները բաժանվում են որպես դրամաշնորհ կա՛մ օտարերկրյա խոշոր կազմակերպություններին, որոնք մշտապես սպասարկել են իրենց ծրագրերը, կա՛մ էլ ՀՀ խոշոր կազմակերպություններին, իսկ արցախյան կազմակերպությունները ներգրավված չեն և բացառված են այդ ամբողջ շղթայից, այն դեպքում, երբ կապ ունեցողը հենց արցախյան կազմակերպություներն են։
Բացի այդ, նա հաստատեց, որ շահառուների կրճատում է եղել և ցանկացած առիթ օգտագործում են, որ տվյալ անձը շահառու չդառնա։
Թե քանի արցախցի է լքել Հայաստանը՝ իրենք էլ կոնկրետ չգիտեն․ շուրջ 30 000 թիվ է շրջանառվում։
«Շատ դժվար է գնահատել դա, միայն իշխանությունները կարող են ասել, բայց մեր սոցիալական կապերը հաշվի առնելով և ստացված տեղեկություններով՝ այդ թիվը բավական մեծ է, և աճի միտումը ևս մեծ է։ «Հատկապես նման սոցիալական և բնակարանային ծրագրերի դեպքում մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհը բռնող արցախցիների թիվը մեծանալու է, եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն»,-ասաց նա։