Ինչ մեթոդ է կիրառվում Վահան Քերոբյանի տնային կալանքի դեպքում

Այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, Հայաստանում սկսել են կիրառել 2023 թվականի հունվարի 1–ից: Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պրոբացիոն կենտրոնի ղեկավար Վահրամ Խալաթյանը։


Սահմանափակումները կարող են վերաբերվել որևէ մեկի (ընտանիքի անդամներից բացի) կամ գործի հետ առնչվող անձանց հետ շփումների և տանը հյուրեր ընդունելու արգելքին։ Ստանալով դատական ակտը` պրոբացիոն ծառայությունը մեղադրյալին տեղեկացնում է տնային կալանքի ռեժիմի մասին` ծանոթացնում իրավունքներին և պարտականություններին և ապահովում դրա կատարումը: Տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ:


Տնայինկալանքը և վարչական վերահսկողությունն իրականացվում են էլեկտրոնային թևնոցների միջոցով և դա վերաբերում է բոլորին. այլընտրանք չկա։ Հսկողության նույն մեթոդը կիրառվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի դեպքում: 



Եթե մեղադրյալը տնային կալանքի տակ է գտնվում բնակարանում, ապա նա իրավունք չունի դուրս գալ տան շեմից: Մեծ հողատարածքներով առանձնատների դեպքում չափագրվում է տան տարածքը, բակը ու սահմանվում սահմանափակ տարածք, որից այն կողմ դուրս գալ չի կարելի: Մինչ օրս Երևանում չի եղել որևէ դեպք, որ մեղադրյալը միայնակ ապրի տնային կալանքի տակ։ Նույնիսկ եթե նման իրավիճակ առաջանա, դատարանը հաշվի կառնի այդ հանգամանքը, որ նրան անհրաժեշտ կլինեն սնունդ, բժշկական օգնություն և այլն: Այս պահին Երևանում շուրջ 200 մարդ է գտնվում տնային կալանքի տակ։




Քաղաքականություն