ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեզվակռիվը վերածվել է փոխհրաձգության․ ինչ է հայտնի Մոսկվայում հայի մասնակցությամբ վթարից

Չեչնիայից MMA-ի մարտիկ Ռասուլ Օչաևը տուժել է նախօրեին Մոսկվայի կենտրոնում՝ Պլյուշչիխե փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։


«Փոխհրաձգության հետևանքով տուժել է MMA-ի մարտիկ Ռասուլ Օչաևը։ Նա որպես ուղևոր գտնվել է Lexus ավտոմեքենայում, որն ընթացքի ժամանակ բախվել է Mercedes Gelandewagen ամենագնացին», - ասել Է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Mercedes-ում է եղել ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահի դուստրը՝ Էմիլիա Սարգսյանը։


ԶԼՄ-ների տվյալներով՝ երիտասարդի ազդրի մեջ փամփուշտ է մնացել, ուստի նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ եղել։


Վթարից հետո կոնֆլիկտ է սկսվել։ Ի աջակցություն Սարգսյանի՝ Toyota Land Cruiser-ով դեպքի վայր են ժամանել ևս երկու հոգի՝ հոր զինված թիկնապահները։ Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել։


«Լեզվակռիվը վերածվել է փոխհրաձգության, որի ընթացքում տուժել է մարտիկը և ևս երկու տղամարդ», - ասել Է գործակալության զրուցակիցը: Եվս երեք հոգի, այդ թվում՝ Սարգսյանը, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին՝ քննության։


Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել չորս քաղաքացիների միջև՝ աննշան ճանապարհատրանսպորտային պատահար ձևակերպելիս: Երկու կողմերն էլ կիրառել են իրենց մոտ եղած տրավմատիկ զենքը՝ միմյանց պատճառելով վնասվածքներ: Երեք մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Մոսկվայի քննչական կոմիտեի ԶՔԳՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկ անձ ձերբակալվել է քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն), որի սանկցիան նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:


Ճանապարհային կոնֆլիկտի հետևանքով վնասվածքներ է ստացել երեք մարդ՝ Օչաևը և Արմեն Սարգսյանի երկու թիկնապահները: Նրանք բոլորը հիվանդանոցում են։


Քաղաքականություն