Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կրկին հոսպիտալացվել է
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին տեղափոխել են Ուոլթեր Ռիդ ռազմական բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտանշաններ են եղել, որոնք համապատասխանում են միզապարկի խնդիրներին, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը: Սա նախարարի երկրորդ հոսպիտալացումն է տարեսկզբից՝ դեկտեմբերին նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել։
Ինչպես ասվում է Ռայդերի հայտարարության մեջ, նախարարը «պահպանում է իր գործառույթները և շարունակում է կատարել իր պարտականությունները»։ Հոսպիտալացման մասին զեկուցվել է պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին, Սպիտակ տանը և Կոնգրեսին: Փոխնախարարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ստանձնել վարչության պետի պարտականությունները։
Տարեսկզբին Լլոյդ Օսթինի հոսպիտալացումը սկանդալ է առաջացրել ԱՄՆ-ում։ Հունվարի 1-ին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, սակայն Պենտագոնը հանրությանը տեղյակ է պահել միայն մի քանի օր անց։ Politico-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նախարարի հիվանդության մասին չի հայտնել ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Կոնգրեսին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին պարոն Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Նա ներողություն է խնդրել նախագահ Ջո Բայդենից և հանրությունից՝ տեղեկատվությունը թաքցնելու համար: Նա հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 15-ին, նախարարը հունվարի 29-ին վերադարձել է աշխատանքի։
Լլոյդ Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին։ Առաջին աֆրոամերիկացին է, ով զբաղեցրել է այս պաշտոնը։