Ի՞նչ թերություններ կային «Ոսկու աշխարհում»․ սեփականատերը մանրամասնում է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու շուկայում» հրդեհատեխնիկական հետազոտության էր իրականացրել և մի շարք խախտումներ արձանագրել, որի արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն։ Դրա հիման վրա անորոշ ժամանակով փակվել էր «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը, որը պատկանում է «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին։


Փակման հետևանքով հազարավոր աշխատակիցներ զրկվել էին առևտրից։


Ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը, սակայն, այսօր Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից նորից սկսել են աշխատել։


«Երեկ իրիկունը բացել են, մենք արդեն աշխատում ենք։ Թերություններ կային, մի քանի մանր-մունր բաներ կային, դրանք շտկեցինքք, նամակ գրեցինք, որ եկեք տեսեք, որ արված ա, իրենք էլ եկա, տեսան, բացեցին»,- ասաց Աբրահամյանը։


Հարցին, թե ի՞նչ թերություններ էին, քանզի վերջերս էր առևտրի կենտրոնը վերանորոգվել, ընկերության սեփականատերն ասաց․ «Մենք ամեն ինչ արել էինք շատ բարձր մակարդակով, ուղղակի մեր թերությունները կապված էր պատվիրատուի հետ, մենք պատվիրել էինք, որ հակահրդեհային սարքավորումներ բերեին արտասահմանից, որովհետև մեզ մոտ չկա։ Բերել էին, իրենք էին հավաքում, մենք իրենց գումարները փոխանցել էին, բայց իրենք անպարտաճանաչ գտնվեցին, մի քնաի օր ձգձգեցին՝ կեսը արեցին, կեսը չարեցին, որոշ մանր-մունր բաներ կիսատ էին թողել, դրա համար էլ փակել տվեցին, ու որպեսզի ավարտին հասցվի, մի քիչ ձգձգվեց»։


Աբրահամյանը դժվարացավ ասել՝ արդյոք տուգանե՞լ է իրենց տեսչական մարմինը, թե՞ ոչ։


«Չէ, չեն տուգանել, ի՞նչ տուգանք, դրա համար տուգա՞նք կա, խի՞։ Ոնց որ թե չեն տուգանել, չգիտեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտ մեկ շաբաթ է առևտրի կենտրոնը փակ եղել, հիմա նորմալ աշխատում է։



Քաղաքականություն