Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 19։40-ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի, 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Գրիգորյանն ու պարեկ Հակոբ Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդն է եղել։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։