Երևանում բնակարանների առուվաճառքը 30%-ով նվազել է 2023-ին․ «Հետք»

2023 թվականին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 50 059 գործարք է կատարվել։ Ինչպես ցույց են տալիս Կադաստրի կոմիտեի տվյալները, նախորդ տարվա համեմատ այն 5.4%-ով նվազել է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։


Անշարժ գույքի շուկայում առուվաճառքի «բումը» եղել է 2021 թվականին։


Շուկայի գործակալները 2021-ի աշխուժությունը նախևառաջ պայմանավորեցին ինչպես եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներով, որի հետևանքով քաղաքացիները շտապեցին օգտվել ծրագրից, այնպես էլ՝ 2020-ին հետաձգված գործարքներով ու այլ գործոններով:


Արդեն հաջորդող երկու տարիներին պահանջարկի այս տեմպը, փաստորեն, չի պահպանվել։ 


«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նկատում է, որ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում գործարքների նվազման պատճառներից են բնակչության եկամուտների ցածր աճը և ռուսաստանցիների մի մասի արտահոսքը։


«Վերջին տարիներին անշարժ գույքը Հայաստանում մեծ տեմպով է թանկացել, իսկ մարդկանց եկամուտները՝ փոքր։ Գներն հասել են այն մակարդակին, որ եկամուտները շատերին թույլ չեն տալիս անշարժ գույք ձեռք բերել։ Ռուսաստանցիների մի մասն էլ հեռացել են Հայաստանից։ Վարձակալության նկատմամբ նրանց ստեղծած պահանջարկը նվազել է։ Մարդիկ տեսնում են, որ թանկ գնով վարձակալություն հանձնելու հնարավորությունը նվազում է, նոր բնակարաններ չեն գնում վարձակալության հանձնելու նպատակով»,- ասում է Վահե Դանիելյանը։


Առուվաճառքի գործարքների տեսանելի անկում է գրանցվել մայրաքաղաք Երևանում։


Երևանում նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ անշարժ գույքի առուվաճառքի 13 512 գործարք է իրականացվել, որը 2022-ի համեմատ 23.8%-ով նվազել է։


Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես բնակարանների առուվաճառքի թիվը Երևանում 29.6%-ով նվազել է։



Եկատմային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում է։ Այն սկզբում դադարել է Կենտրոնում ու Արաբկիրում և մինչև այս տարվա վերջ կդադարի ամբողջ Երևանի համար։


Ըստ Վահե Դանիելյանի՝ քանի որ այն Կենտրոնում և հարակից վարչական շրջաններում արդեն իսկ չի գործել, դա ազդել է բնակարանների առուվաճառքի գործարքների նվազման վրա։


Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի։ Քանի որ այս ծրագիրը բնակարանաշինության և բնակարանների վաճառքի հիմնական շարժիչ ուժերից մեկն է եղել, չի բացառվում, որ այս տարի ևս գործարքների թիվը կշարունակի նվազել։


Հատկանշական է, որ բացի Քանաքեռ-Զեյթունից, Երևանի մնացած բոլոր վարչական շրջաններում բնակարանների առուվաճաքը նվազել է։ Հատկապես տեսանելի անկում կա Արաբկիրում, Կենտրոնում, Դավթաշենում ու Նոր-Նորքում։


Չնայած առուվաճառքի նվազմանը, Երևանում բնակարանների գները 2023-ի հատկապես առաջին կեսին շարունակել են բարձրանալ։ Կադաստրի կոմիտեի հաշվարկներով՝ 2023 թվականին բնակարանները Երևանում, 2022 թվականի համեմատ, 10.3%-ով թանկացել են։ Ընդ որում՝ գնաճ է գրանցվել բոլոր վարչական շրջաններում։


Ամենաթանկ բնակարանները Կենտրոն վարչական շրջանում են, հաջորդում են Արաբկիրը, Դավթաշենը, Քանաքեռ-Զեյթունը։


2023-ին տոկոսային առումով ամենամեծ թանկացումը գրանցվել է Կենտրոնում։ Այստեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է մոտ 834 հազար դրամ՝ այսօրվա միջին փոխարժեքով մոտ 2100 ԱՄՆ դոլար։


Այս աղյուսակում ներկայացված են բնակարանների 1 քմ-ի միջին գները Երևանի վարչական շրջաններում 2023 թվականին և դրանց տոկոսային փոփոխությունը 2022 թվականի համեմատ։


Բացակայում են Նորք-Մարաշի տվյալները, քանի որ նշված վարչական շրջանում գործարքների փոքր թվի պատճառով Կադաստրի կոմիտեն չի կարողացել այն ներառել վերլուծության մեջ։


«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նկատում է, որ այս գնաճը պայմանավորված է տարվա առաջին կեսին գրանցված տեմպերով։ Կադաստրային տվյալները ևս ցույց են տալիս, որ արդեն տարվա վերջին գնաճը դադարել է։


«Հիմա գների անկման միտում է նկատվում։ Հնարավոր է՝ դա ևս 2-3 ամիս տևի, սակայն ենթադրվում է, որ հետո նորից գները կբարձրանան։ Այդ նվազումը կարճաժամկետ է լինելու։ Գների տատանումներ միշտ էլ լինում են անշարժ գույքի շուկայում՝ իջնում և բարձրանում են, սակայն երկարաժամկետ, որ նայում ենք, ընդհանուր բարձրացում է»,- ասում է Վահե Դանիելյանը։


Անշարժ գույքի գործակալ Աղասի Ավագյանը ևս նկատում է, որ բնակարանների գների վերջին տարիների բարձր գնաճը մեղմվել է, սակայն առաջիկայի համար ևս էական գնանկում չի կանխատեսում։


«Հիմքեր չկան այսօր էական գնանկման համար, չնայած որ բարձր աճ էլ չկա։ Անշուշտ, եկամտային հարկի ծրագրի աստիճանաբար դադարեցումը վատ է ազդում շուկայի գործարքների վրա, սակայն, կարծում եմ՝ առայժմ դա հիմք չէ էական գնանկման մասին խոսելու համար»,- ասում է անշարժ գույքի գործակալը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն