Ինչու է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. պարզաբանում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մնում է կալանքի տակ, քանի որ խախտել է խափանման միջոցի պայմանները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԲԴԽ-ն` պարզաբանելով, թե ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են։


«Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման: Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»,– նշված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը։ Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։ Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Քաղաքականություն