Ովքեր կկարողանան զենք կրել. ԱԺ–ն օրենք ընդունեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Որոշմանը կողմ քվեարկեց 61 պատգամավոր, 1-ը դեմ էր, իսկ 32-ը` ձեռնպահ։ Նախագծի հեղինակը ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է։


Զենք ունենալու և կիրառելու կանոնները պարզեցվել են։ Այսուհետ չեն լինի ծառայողական զենքեր, դրանք կլինեն միայն քաղաքացիական և մարտական։ Քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Հիմա առաջարկվում է շեմը նվազեցնել մինչև փոխգնդապետ։ Կարգելվեն ինքնաշեն զենքերը։


Զենքով պարգևատրված անձինք էլ մինչև 2025 թ. հունիսի 1-ը պարտավոր են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զնեքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Դրանք չներկայացնելու դեպքում զենքով պարգևատրված անձից կվերցնեն այն, անպիտան կդարձնեն, ապա կվերադարձնեն տվյալ անձին, քանի որ դա իր սեփականությունն է։


Կկրճատվի այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից և մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։


Բացի այդ, առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր ծառայում են կամ զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչներին էլ մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն կտրվի։


Անչափահասներին արգելվում է շրջանառել մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքեր ու կայծային պարպիչներ:


Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց 10 օր անց։


Քաղաքականություն