Դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա․ Ոստիկանությունը մանրամասնում է

Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։


Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա:


Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել. կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են եղել։

Քաղաքականություն