
Ուզում եմ հանդիպել «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողներին. ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանձնարարական է տվել մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բիրտ ուժ էին կիրառել։ Այս մասին նա հայտարարեց 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրոք, ցավում եմ «Եռաբլուրում» զոհված զինծառայողների մայերերի հետ կատարվածի համար։ Հանձնարարել եմ, և մոտ ժամանակներս, հնարավորության դեպքում ուզում եմ հանդիպում կազմակերպել մեր զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք այդ օրը մասնակից են եղել միջադեպին»,– ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։