Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք․ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում (դեկտեմբերի վերջ) հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին։



Նա հավելեց, որ հունվարի 4-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։


«Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք կրկին շատ կառուցողական են»,- ասաց Միրզոյանը։


Նրա խոսքով՝ կարևոր են այն սկզբունքները, որոնց վրա վերջնարդյունքում հիմնված է լինելու խաղաղության պայմանագիրը։


«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ այլևայլության և երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ասաց Միրզոյանը։


Նախարարի խոսքով` եթե երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել, ապա խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։ Նա կրկին շեշտեց՝ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու հետագա սահմանազատումն այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող որևէ անորոշություն թույլ տալ, քանի որ այդ անորոշությունը հիմք ու պարարտ հող է հետագա ագրեսիաների։


«Եթե մենք խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղությունը, որ դժվար և հնարավորինս անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, պայմանագրում չպետք է հիմքեր լինեն հետագա էսկալացիաների համար»,- ասաց Միրզոյանը։