ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են քննարկում ձկնաբույծները ՇՄ նախարարի հետ
Մենք նախատեսում ենք, որ ջրօգտագործման թույլտվություններով ստորերկրյա ջրերի օգտագործումը ձկնաբուծարանների դեպքում կկրճատենք 40 տոկոսով. դրա արդյունքում որեւէ ձկնաբուծարան, որեւէ ջրի պակաս չի ունենալու: Այս մասին այսօր ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տնտեսվարողների հարցերին։
«Այսինքն եթե իրենք այսօր ունեն X չափի ջուր, այս փոփոխություններից հետո էլ կունենան նույն չափ ջուր: Մենք ասում ենք, որ ստորերկրյա հորից ասենք, 1500 լիտր ջուրը կկրճատենք 40 տոկոսով, բայց դրա արդյունքներում ձեր ավազաններում ջուրը չի պակասի, քանի որ վերջարդյունքում 40 տոկոս ջուրը դուք հետ կմղեք ձեր ավազաններ: Եթե մենք Արարատյան դաշտի ջրերը վերականգնվող չդարձնենք, մի օր կկանգնենք աղետի առաջ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դա օգուտ չի տա, քանի դեռ ապօրինի գործող հորերը չեն փակվել, որոնց թիվը շուրջ 970 է, Սիմիդյանը նշեց. «Եթե մենք ապօրինի հորերը լուծարենք կամ կոնսերվացնենք, մենք վայրկյանում 3000 լիտր ենք խնայելու: Այն առաջարկը, որ մենք անում ենք, կխնայենք վայրկյանում 11 հազար լիտր: Դուք ճիշտ եք ասում, որ եթե մենք սկսենք պաշարները վերականգնել, այն հորերը, որոնք ցամաքել են, կսկսեն շատրվանել, բայց մենք դրան զուգահեռ կանենք կոնսերվացման եւ լուծարման աշխատանքները, եւ այդ հորերը չեն շատրվանի, ու մենք ջրի կորուստ չեն ունենա»:
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում։